Posted in Գրականություն

Դանիել Վարուժան

Մարագներ

Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
Խունկի, հաշիշի.
Երբ դուռըդ բանամ՝ ցուլերը բոլոր
Ճակատով լայնշի
Կը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենց
Վըզտեքը կաշի:

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
Հազար ծաղիկով.
Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմ
Կողով առ կողով՝
Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջ
Համեմդ՝ օրերով:

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող
Արևով լեցուն.
Դու՝ որուն կակուղ դեզին վրա պառկած
Կը ցըկնի կատուն,
Դու՝ որ կ՚արծաթես դունչը գառներուս
Օրհնյա՜լ ըլլաս դուն:

Posted in Գրականություն

Վահան Տերյան <>

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…