Posted in Առաջին բուժօգնություն

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

 

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝

 

սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)

տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։

Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

 

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

 

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

 

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

 

գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ

գրիպանման նշաններ

երկուսը միասին։

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

 

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

 

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

 

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։

Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։

Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։

Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։

Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։

Սննդային թունավորման նկատմամբ բարձր ռիսկի խմբերը

Սննդային թունավորման նկատմամբ ռիսկի խմբեր են համարվում հղիները, մեծ տարիքով անձինք և մանկահասակ երեխաները, որովհետև նրանց իմունային համակարգը համեմատաբար թույլ է։ Այլ հիվանդությունները կամ դեղերի ընդունումը նույնպես կարող են իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Այս խմբերը ոչ միայն դառնում են սննդային թունավորման նկատմամբ ավելի զգայուն, այլև վերջինիս դեպքում ավելի հավանական է դառնում բարդությունների առաջացումը։

 

Օրինակ, երբ հղի եք, լիստերա բակտերիան կարող է առաջացնել ինքնաբուխ վիժում, նույնիսկ եթե տեղյակ չեք, որ ունեք այս վարակը։ Ուստի, եթե հղիության ընթացքում ձեզ մոտ առաջանում է ջերմության մեղմ բարձրացում, սրտխառնոց և փսխում, անհապաղ դիմեք ձեր բժշկին։

 

Սննդային թունավորման բուժումը

Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

 

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

 

ձեր գանգատները խիստ արտահայտված են

ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր

ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)

ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։

Բուժման կարևոր բաղադրիչներից մեկը հնարավոր ջրազրկման կանխումն է կամ առկա ջրազրկման բուժումը։ Փորձեք փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի խմել ջուր կամ դեղատնից գնված ռեհիդրատացիոն լուծույթներ։

Ծանր ջրազրկման դեպքում առաջանում է հիվանդանոցային պայմաններում ինֆուզիոն բուժման անհրաժեշտություն (ներերակային ճանապահով ջրի և միներալների վերականգնում)։

 

Եթե բակտերիալ տոքսիկոինֆեկցիան հաստատվում է, բժիշկը կարող է ձեզ նշանակել համապատասխան հակաբիոտիկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *