Posted in Մասնագիտական

Հյուրատան բիզնես կոնցեպցիան ձևավորող հիմնական առանձնահատկությունները

Հյուրատան բիզնես կոնցեպցիան ձևավորող հիմնական առանձնահատկություններն են`

 

· Աշխարհագրական դիրք,

· Մատուցվող ծառայություններ,

· Հարմարություններ,

· Ներքին և արտաքին դիզայն ու հարդարում,

· Սեփականատիրոջև իր ընտանիքի ներգրավվածության մակարդակ։

Անհրաժեշտ է հստակ ձևակերպել նաև գնային քաղաքականությունը, թիրախավորվող զբոսաշրջիկների սեգմենտը, զբոսաշրջիկների գրավման մեթոդները և հյուրատան զարգացմանը նպաստող այլ ռազմավարական նախաձեռնություններ:

Հյուրատունն առավել գրավիչ դարձնելու համար ցանկալի է, որ այն ունենա հայկական ավանդական կամ տվյալ վայրին բնորոշ ճարտարապետական դիզայն։ Յուրաքանչյուր գյուղական բնակավայրում հնարավոր է ոչ մեծ գումարներով ձեռք բերել հնաոճ կահկարասի, որոնցով կարելի է հյուրատանը հաղորդել յուրօրինակ դիզայն և տվյալ բնակավայրի տիպիկ կենցաղային միջավայր։

Հաշվի առնելով Հայաստանում հյուրատների գործունեության պրակտիկան և այս բիզնեսի տնտեսական նպատակահարմարության գնահատականը՝ այս ուղեցույցում որպես հյուրատան տիպային մոդել է դիտարկվել հյուրերի համար 3 սենյակ (յուրաքանչյուրում 2 ննջատեղ) տրամադրող հյուրատունը: Տիպային մոդելի տնտեսական հաշվարկները կատարվել են հետևյալ հիմնական ենթադրությունների հիման վրա՝

· հյուրատունը գտնվում է զբոսաշրջային տեսարժան վայրի մոտակայքում (մինչև 30կմ հեռավորության վրա), որը հաճախորդների հոսքի ապահովման կարևոր նախադրյալն է։

· հյուրատնային գործունեությունը կազմակերպվում է սեփական առանձնատանը, որտեղ միաժամանակ բնակվում է նաև ձեռնարկատիրոջ ընտանիքը,

· հյուրատունը բացի գիշերակացից և նախաճաշից մատուցում է ճաշ և ընթրիք, ինչպես նաև տրամադրում է լրացուցիչ ծառայություններ (օրինակ՝ գինու, պանրի համտես, զբոսավարի ծառայություն և այլն),

· զբոսաշրջային ակտիվ ժամանակահատվածը կազմում է 6 ամիս՝ մայիսից հոկտեմբեր,

· հյուրատունը գործում է ընտանեկան ձեռնարկատիրության հարկային ռեժիմում,

· հյուրատան սեփականատերը և/կամ իր ընտանիքի անդամներից մեկը տիրապետում է որոշակի համակարգչային հմտությունների և օտար լեզվի, որը հնարավորություն կտա իրականացնել հյուրատան առաջմղումը համացանցում և հաղորդակցվել օտարերկրյա հաճախորդների հետ։

Տվյալ մոդելը չի ենթադրում նոր հյուրատան կառուցում կամ կապիտալ շինարարական աշխատանքներ, այլ միայն առկա շինության վերափոխում և վերանորոգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *